Մատչելիության հղումներ

Խծաբերդում գերեվարվածների հարազատները բացել են Շիրակի մարզի ճանապարհները


Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները շուրջ 13 ժամ փակ պահելուց հետո բացել են Շիրակի մարզի ճանապարհները:

Հարազատները պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և հստակ պատասխան, թե երբ կվերադարձնեն գերիներին։

Գերեվարված զինվորականների հարազատները երեկ երեկոյան «Էրեբունի» օդանավակայանում էին, ակնկալում էին, որ իրենց զավակները պետք է վերադարձվեն Բաքվից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Որևէ մեկը գերիների հարազատներին դեռևս հստակ պատասխան չի տվել, թե ինչու ձախողվեց նախատեսված վերադարձը։

«Օդանավակայանում նույնիսկ մեկ մարդ չբարեհաճեց պատասխանել մեզ, թե, հարգելի ժողովուրդ, չկա, չունենք օդանավի մեջ գերիներ, բացարձակ չպատասխանեցին մեզ, 2000 հոգուց ավելի մարդկանց մարդիկ արհամարհած ունեցան, այ, հենց սրա համար էլ մենք այս քայլին են գնում: Ամբողջ մարզի ելք ու մուտքը փակված է: Մենք սպասում ենք երկրի ղեկավարին, մեր գերագույն գլխավոր հրամանատարին, տեսնենք երբ է ցանկություն հայտնելու մեզ հետ հանդիպելու: Մենք էլ չենք գնա Երևան: Ամեն օր Երևան, ամեն շաբաթ Երևան, էլ չենք գնալու, հանդիպման ենք սպասում իր հետ», - ասաց հավաքվածներից մեկը:

Միջպետական ճանապարհներից բացի գերեվարված զինվորների հարազատները արգելափակել էին նաև երկաթգիծը՝ Իսահակյան գյուղի հատվածում: Միայն այս գյուղից 3 գերեվարված կա, ևս մեկը հարևան Աղին համայնքից: Ասում էին՝ երկաթգիծը չի բացվի մինչև հստակ պատասխան չստանան, թե ինչո՞ւ ինքնաթիռը դատարկ վերադարձավ:

«Գերիների հարցն է, ուրիշ պահանջ չունենք մենք ներկա պահին ու երկաթգիծն էլ այնքան չի բացվի մինչև ժողովուրդը չորոշեն՝ ինչ պետք է լինի», - ասաց հավաքվածներից մեկը:

Օդանավակայանից հարզատները կեսգիշերն անց գնացել են կառավարություն, որ պատասխան ստանան, սակայն, ասում են՝ անպատասխան են վերադարձել. «Անգամ կառավարության շենքի դուռն ենք մենք սպասել, այդտեղ էլ պատասխան չի եղել, չի եղել ու վերջ»:

Կառավարությունից երեկ լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ ակնկալվում է Ադրբեջանից հայ գերիների խմբի վերադարձ։ Այս լուրերից հետո գերեվարված անձանց հարազատները հավաքվել էին «Էրեբունի» օդանավակայանի մուտքի մոտ, սակայն ժամեր անց տեղեկություն եղավ, որ օդանավը դատարկ է վերադարձել։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ գերիների վերադարձը կրկին հետաձգվում է: «Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը», - սա գերիների վերադարձի ձախողման վերաբերյալ պաշտոնական դեռևս միակ բացատրությունն է։

Եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի հատվածից գերեվարվեց 64 պահեստազորային, որոնցից անցած ամիսներին հայրենիք է վերադարձվել 8-ը։ Գերեվարվածներից 62-ը Շիրակի մարզից է։ Վերջիններիս հարազատները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներով պահանջում են մյուսների վերադարձը։

«Մեր հստակ, արդարացի պահանջը, որին որ սպասում ենք 4-5 ամիս, պահանջում ենք մեր ռազմագերիներին, ուրիշ ոչինչ: Մինչև այսօր չենք ունեցել ոչ ոքից ոչ մի հստակ պատասխան, ըստ երևույթին ոչ էլ կունենանք», - ասաց հավաքվածներից մեկը:

Գերիների հարազատները մարզի ճանապարհները 6 ժամից ավելի փակ էին պահել նաև փետրվարի 10-ին, երբ հայրենադարձված 4 գերիների մեջ իրենց զավակներին ու հարազատներին չէին տեսել:

XS
SM
MD
LG