Ստրոբոսկոպիական էֆեկտ (հունարեն՝ ότρόβος-պտտում, անկանոն շարժում և ότοπέω-դիտել), տեսողական խաբկանք, որն առաջանում է այն դեպքում, երբ որևէ առարկա կամ պատկեր դիտվում է ոչ թե անընդհատ, այլ ժամանակի առանձին, պարբերաբար միմյանց հաջորդող միջակայքերի ընթացքում (օրինակ, էկրանին պրոյեկտվող պատկերը օբտյուրատորով պարբերաբար ծածկելու կամ մութ սենյակում լույսի պարբերական բռնկումների դեպքում)։ Ստրոբոսկոպիկական էֆեկտը պայմանավորված է դիտորդի տեսողության իներցիայով, այսինքն՝ ընկալած դիտապատկերը որոշ (կարճ) ժամանակ գիտակցության մեջ պահելու հատկությամբ, երբ այդ պատկերն առաջացրած առարկան արդեն անհետացել է։ Եթե ընդհատուն դիտումների միջև ընկած ժամանակը փոքր է դիտապատկերի «մարման» ժամանակից, ապա առանձին դիտումների առաջացրած պատկերները ձուլվում են, և դիտումը սուբյեկտիվորեն ընկալվում է որպես անընդհատ։ Ստրոբոսկոպիկական էֆեկտը կարող է լինել երկու տեսակ

Q400 կործանիչի օդային պտուտակը

1․ շարժման խաբկանք՝ առանձին պատկերների ընդհատուն դիտման դեպքում, եթե պատկերներից յուրաքանչյուրի վրա առարկաների դիրքերը որոշ չափով շեղված են նախորդ պատկերի համեմատությամբ։ Ստրոբոսկոպիկական էֆեկտի այս տեսակի վրա է հիմնված շարժման ընկալումը կինեմատոգրաֆում և հեռուստատեսության մեջ։

2․ Անշարժության (կամ դանդաղեցված շարժման) խաբկանք, որն առաջանում է, երբ շարժվող առարկան պարբերաբար (f1 հաճախականությամբ) գրավում է նախորդ դիրքը։ Ընդ որում լրիվ անշարժության խաբկանքի համար անհրաժեշտ է, որ դիտման պահերի f հաճախականությունը հավասար լինի f1-ին։ Ստրոբոսկոպիկական էֆեկտի իրականացման սարքերը կոչվում են ստրոբոսկոպներ։ Տես նաև Օպտիկական խաբկանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 158
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոբոսկոպիական էֆեկտ» հոդվածին։