Վահանագեղձ (լատին․՝ glandula thyreoidea), ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, ձկներինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։ Թռչունների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8—9-րդ ամսում։

Վահանաձև գեղձ
Վահանագեղձ

Անատոմիա խմբագրել

Կազմված է 2 բլթերից (լատին․՝ lobus dexter et lobus sinister) և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից) (լատին․՝ isthmus)։ Գեղձը տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վահանագեղձ անվանումը)։ Կողմային բլթի վերին բևեռը հասնում է մինչև վահանաձև և մատանիաձև աճառների մակարդակին, իսկ ստորին բևեռը՝ շնչափողի 5-6 աճառային օղի մակարդակին։ Նեղուցի հետին երեսը հպվում է շնչափողի 2-3 օղերին։ Առջևից գեղձը նման է H տառին և հիշեցնում է թիթեռնիկ։ Երբեմն (30-50% դեպքերում) բլթերից մեկից կամ նեղուցից դուրս է գալիս ևս մեկ հավելյալ բիլթ, որը հիմնականում բրգաձև է, և կոչվում է բրգաձև (հավելյալ) բիլթ (լատին․՝  lobus piramidalis)։ Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և կերակրափողի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ Զանգվածը, 15—20 գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, օրգանիզմի ամբողջ արյունը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող սպիտակուցից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրօքսին   և եռյոդթիրոնին  , որոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։

Ֆիզիոլոգիա խմբագրել

Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին։ Կալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտնվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից և հարվահանաձև գեղձերի կողմից արտադրվող պարրատհորմոնի հետ մասնակցում են օրգանիզմում կալցիում–ֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, 1984 թ․

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 244